Թուրքական լրատվամիջոցները հրապարակել են նոր մանրամասներ Ստամբուլի Քումքափը թաղամասում խանդի հողի վրա Գրիգոր Իշխանյանի կատարած սպանության վերաբերյալ:
Թուրքական stargazete.com կայքը հայտնում է, որ հարցաքննության ժամանակ Գրիգորը խոստովանել է իր արարքը, որ սպանությունէ կատարել խանդի պատճառով. «Ես սպանեցի նրան, քանի որ գրկել էր իմ կնոջը»:
Գրիգորի խոսքով, այդ օրը կնոջ հետ վերադարձել է խանութից եւ դռան մոտ հանդիպել են տանտիրոջը: «Մենք նրան ճաշի հրավիրեցինք եւ նա ընդունեց հրավերը: Մի քանի ժամ անց ես զուգարան գնացի, իսկ երբ վերադարձա, տեսա, որ նա գրկել է իմ կնոջը: Ես կորցրեցի ինքնատիրապետումս եւ սպանեցի նրան»,- պատմել է Գրիգորը:
Իր հերթին, ձերբակալված Սեդա Բ.-ն պատմել է, որ Ջեմալ Թ.-ն սեռական ոտնձգություն է կատարել իր անձի նկատմամբ եւ այդ պատճառով սպանվել: Քրեական գործն ուղարկվել է դատախազություն:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, վկայակոչելով Hurriyet-ը, Ստամբուլի Ֆաթիհի շրջանի Քումքափը թաղամասում հայաստանցի Գրիգոր Իշխանյանը վիճաբանել է իր վարձած տան տիրոջ՝ Ջեմալ Թ.-ի հետ եւ դանակահարել վերջինիս:
33-ամյա Գրիգորը երեկոյան ուշ տուն է կանչել իր վարձակալած տան տիրոջը՝ բացատրություն պահանջելով իր ընկերուհու՝ 20-ամյա Սեդայի նկատմամբ սեռական ոտնձգության համար:
Ծագած վիճաբանության վերջում Գրիգորը դանակահարել է Ջեմալին: Հարեւանների ահազանգի վրա ժամանած ոստիկանությունն իր հերթին կանչել է շտապ օգնության մեքենա, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են, որ Ջեմալն արդեն մահացած է:


























