«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» այսօր՝ հուլիսի 27-ին կնքեցին առողջության կամավոր ապահովագրության պայմանագիր, որի համաձայն կոմբինատի 3 500 աշխատակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին կտրամադրվի առողջապահական ծառայությունների ամենալայն սպեկտրի ծածկույթ: Յուրաքանչյուր ապահովագրված աշխատակից տարեկան կտրվածքով կարող է ստանալ շուրջ 5 մլն. դրամի համարժեք տարաբնույթ բժշկական ծառայություններ: Նույն պայմաններով էլ ապահովագրվում են նրանց ընտանիքի անդամները` թե´տարեց ծնողները, թե´անչափահաս երեխաները:
Ապահովագրված անձինք իրենց խնդիրներով կարող են դիմել «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ» բժիշկ-փորձագետներին, որոնք 24-ժամյա խորհրդատվություն են իրականացնում, եւ արդեն այդ բժշկի ուղղորդմամբ կարող են ստանալ ցանկացած պրոֆիլի առաջադեմ մասնագետի աջակցություն կամ, անհրաժեշտության դեպքում, տեղափոխվել ՀՀ եւ ԼՂՀ տարածքում գործող ցանկացած բժշկական հաստատություն, որտեղ բժշկական միջամտություն կստանան «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ» բժիշկ-փորձագետների վերահսկողության ներքո: «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ» բժիշկ-փորձագետները հետեւելու են նաեւ, որ ապահովագրված անձինք ստանան նպատակային ամբողջական բուժում եւ խնամք, քանի որ նրանք են պատասխանատու հաճախորդի արդյունավետ բուժսպասարկման համար:
Պաշտոնական արարողության շրջանակում կայացած ասուլիսում «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Սոս Ղահրամանյանը նշեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր գործունեության ընթացքում պարբերաբար իրականացրել է իր աշխատակիցների առողջապահական խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր: «Այս ծրագիրն իր ծավալների, ծածկույթի եւ արդյունավետության տեսանկյունից բազմակի անգամ մեծ է նախկինում մեր կողմից իրականացված ծրագրերից: Հենց այդպես էլ ասում ենք. մենք ապահովագրեցինք մի ամբողջ քաղաք` մեր ընկերության 3500 աշխատակցի եւ նրանց ընտանիքներին. ընդհանուր առմամբ` 10.000 -ից ավելի քաղաքացի: Մեր ղեկավարությունը, ի դեմս գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի, հասկանում է, որ գործատուն պատասխանատու է ոչ միայն իր աշխատակիցների, այլեւ նրանց ընտանիքների առջեւ»:
«Նաիրի Ինշուրանս»-ի գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ընկերությունը գնահատում է գործընկերոջ քայլի նշանակությունը, թե՜ որպես կարեւոր նախադրյալ բժշկական ապահովագրության ոլորտի զարգացման համար, եւ թե որպես խոսուն օրինակ ՀՀ-ում այլ խոշոր գործատուների համար` աշխատակիցների հանդեպ դրսեւորելու իրենց պատասխանատվությունն ու հոգատարությունը: «Նաիրի Ինշուրանսը» քաջ գիտակցում է իր առջեւ դրված խնդիրների ծավալն ու պատասխանատվության աստիճանը: Բավականին բարդ է մի ամբողջ քաղաք ապահվագրելու գործը, բայց մենք Հայաստանի ապահովագրական շուկայում ամենաերկարատեւ գործունեության փորձ ունեցող ընկերությունն ենք եւ չենք խուսափում դժվարություններից եւ մեր գործունեությամբ բազմիցս դա ապացուցել ենք»,-ասաց Բաղդասարյանը:
«Նաիրի Ինշուրանս»-ի անձնական պահանջների կարգավորման վարչության պետ , բժիշկ Արմեն Շահինյանի խոսքով՝ այս ծրագիրը առանձնահատուկ է մի քանի առումներով։ «Այն աննախադեպ է ապահովագրվող սոցիալական խմբի խոցելիության տեսանկյունից, ծավալների եւ տրամադրվող ծածկույթի տեսանկյունից, ինչպես նաեւ ծառայությունների տրամադրման կազմակերպան առումով: Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի այս քայլը եւ նմանօրինակ դեպքերը կարեւոր նախապայման են հանդիսանում եւ հիմք են ստեղծում հետագայում մեր երկրում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման համար»,- ասաց նա։











