Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հավանաբար այսօր կստորագրի ԲՀԿ փոխնախարարների եւ փոխմարզպետների` աշխատանքից ազատվելու դիմումները: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Հայտարարությունը տարածելու օրը դիմումներ էին գրել ԲՀԿ փոխնախարարների եւ փոխմարզպետների մի մասը, իսկ մյուս մասը դա կանի այսօր:
Իսկ թե երբ կնշանակեն նոր փոխնախարարների եւ փոխմարզպետների, մեր հավաստի աղբյուրները հայտնեցին, որ դա կարող է լինել սեպտեմբերին:
«Օրինաց երկիր» կուսակցությանը կտրվի 4-5 փոխնախարարի եւ փոխմարզպետի պաշտոն, մնացածները կզբաղեցնեն ՀՀԿ-ականներ, հնարավոր է նաեւ` անկուսակցականներ:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ հանդիսացող փոխնախարարներն ու փոխմարզպետները հրաժարվել են իրենց պաշտոններից:
Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է. «2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական որոշում կայացրեց չմասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Հավատարիմ մնալով մեր կուսակցության քաղաքական որոշմանը, մենք հայտարարում ենք այսօր ներկայացրած մեր հրաժարականների մասին:
Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել եւ տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ ծրագրերը: Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր նախարարներին, մարզպետներին համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում»:
Հայտարարությունը ստորագրել են ԱԻ փոխնախարար Ռոմիկ Տիգրանյանը, ՏԿ փոխնախարար Ռուբեն Սինոյանը, Գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը, Լոռիի փոխմարզպետ Էդիկ Կարախանյանը եւ Արագածոտնի փոխմարզպետ Մանաֆաս Առաքելյանը:



























