ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ զեկույցի եզրակացությունը` Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրի կատարման շուրջ:
Հանձնաժողովն առաջարկում է անհրաժեշտ պայմաններ ստեղծել, որոնց դեպքում օմբուդսմենի գրասենյակը կարողանա իրականացնել իր վրա դրված առաքելությունը: Անհրաժեշտ է հասնել նրան, որ խտրականության հասկացությունը ներառի խտրականության բոլոր տեսակները (ռասայական, սեռական, կրոնական եւ այլն):
Փորձագետների առանձնահատուկ մտահոգությանն է արժանացել կանանց խտրականության, անեւ կենցաղային բռնությունների բարձր մակարդակը: Հանձնաժողովը կոչ է արել Հայաստանին օրենք ընդունել ընտանեկան բռնության ցանկացած տեսակի քրեականացման մասին:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է արել վերացնել «դեդովշչինան» եւ դաժան վերաբերմունքի այլ տեսակները զինված ուժերում:
«Պայմանագրի անդամ երկրին հարկ է հետաքննության արդյունավետ միջոցառումներ ձեռնարկել 2008թ. մարտի 1-ի իրադարությունների ժամանակ ուժի անհամաչափ կիրառմանն համար պատասխանատու իրավապահների հայտնաբերման եւ նրանց պատասխանատվության ենթարկելու համար, նաեւ նրանց, ովքեր ղեկավարել են»,- ասվում է զեկույցում:
Առանձին կետով ընդգծվում է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին խտրականության եւ բռնության դրսեւորումներից պաշտպանելու անհրաժեշտությունը:
Հանձնաժողովը նաեւ արձանագրել է փախստականների վիճակը, որոնք Հայաստան են եկել 1988-92 թվականներին Լեռնային Ղարաբաղում հակամարտության պատճառով եւ առ այսօր ապրում են բարդ պայմաններում:
Որպես դրական փաստ հանձնաժողովն արձանագրել է մի շարք պայմանագրերի եւ արձանագրությունների վավերացումը, օրինակ` հաշմանդամների իրավունքների կոնվենցիան, խոշտանգումների դեմ կոնվենցիան:
Եզրակացությունը ներկայացվել է Ժնեւում հուլիսի 9-ից 27-ը կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 105-րդ նստաշրջանին:




























