Թերթը զրուցել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանի հետ.
Պարոն Մելքոնյան, ի՞նչ առանձնահատկություններ ունեն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները արաբական այլ երկրների համեմատ։
Եթե նկատի առնենք «արաբական գարնան» զոհը դարձած երկրների՝ Թունիսի, Լիբիայի, Եգիպտոսի օրինակները, ապա Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, իհարկե, ունեն իրենց որոշակի տարբերություններն ու առանձնահատկությունները:
Նախեւառաջ, Սիրիայում իշխող Ասադի վարչակարգն ունի, հիմա արդեն՝ ուներ ավելի մեծաթիվ համակիրներ ու աջակիցներ: Միաժամանակ Սիրիայում իշխանության ու ապստամբների բախումների շարժառիթներն էին բոլորովին այլ: Շատ կարեւոր է նշել նաեւ, որ Սիրիա պետության աշխարհաքաղաքական կարգավիճակը եւս անհամեմատ բարձր էր:
Այս ամենի հետեւանքով Սիրիայում արտաքին միջամտությունը, նաեւ ազդեցությունը շատ ավելի թույլ, մեղմ էր։ Արեւմուտքը հիմնական շեշտը դրել էր ներքին խռովություն, բախումներ, քաղաքացիական պատերազմ հրահրելու վրա: Այսուհանդերձ, Արեւմուտքը հետեւողականորեն ջանքեր գործադրեց ու հասավ իր նպատակին:
Արեւմուտքին նախ հաջողվեց ողջ աշխարհում տպավորություն ստեղծել, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմ է հասունացել: Այս գործում «ծանրակշիռ ներդրում» ունեցան «վարձկանները», որոնք, իբր, հայտնի չէ, թե որ երկրից եւ ինչ նպատակով են թափանցում Սիրիա: Իրականում բոլորին էլ պարզ էր, որ «վարձկանները» Թուրքիայից են փոխադրվում Սիրիա, նպատակն էլ հենց քաղաքացիական պատերազմի տպավորություն ստեղծելն էր:
Այսօր Սիրիայի գրեթե բոլոր քաղաքներում ու խոշոր բնակավայրերում, շատ սահմանամերձ տարածքներում քաղաքացիական պատերազմին նմանվող մարտեր են տեղի ունենում: Սակայն մեր աղբյուրները հավաստիացնում են, որ արեւմտյան հեռուստակայանների ցուցադրած տեսաշարերը հիմնականում ուռճացված են, ճիշտ չեն արտացոլում իրողությունները:
Իսկ Հորդանանի սահմանին բախումները, Թուրքիայի սադրիչ ձեռնարկները հավելյալ խուճապ առաջացնելու, ներքին ապակայունություն հրահրելու նպատակով են արվում, քանի որ Սիրիայից հեռացող ընտանիքների համար ամենամոտ ապաստանները հենց Թուրքիան ու Հորդանանն են:
Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ու Չինաստանի վետոյին, Արեւմուտքը կարողանում է հասնել իր նպատակին: Այս ամենը ինչո՞վ կարող է ավարտվել։
Եւ Արեւմուտքի, եւ Ռուսաստանի ու Չինաստանի շահերը Սիրիայի պարագայում ակնհայտ են: Սիրիան Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի վերջին դաշնակիցն է, հանգրվանն է ու ֆորպոստն է: Ռուսաստանը Սիրիայում աշխարհաքաղաքական կարեւորության ռազմական բազաներ ունի, եւ Սիրիան Ռուսաստանի բնական դաշնակիցն է: Եթե Ռուսաստանը, նաեւ Չինաստանը չեն կորցրել միաբեւեռ աշխարհակարգը փոխելու, երկբեւեռ կամ բազմաբեւեռ աշխարհակարգը վերականգնելու հավակնությունները, ապա անվերապահորեն պետք է պահպանեն իրենց դիրքերը Սիրիայում:
Սիրիայից նահանջը կնշանակի նաեւ Իրանի կորուստ: Հետեւաբար Սիրիայում Ռուսաստանի գերակա ազդեցությունը պահպանելու խնդիրն ունի բախտորոշ աշխարհաքաղաքական ու հեռանկարային նշանակություն:
Եթե Մերձավոր Արեւելքն ամբողջովին անցնի արեւմտյան կողմնորոշման դաշտ, ապա Ռուսաստանի եւ Չինաստանի բոլոր աշխարհաքաղաքական նպատակները, ուժային կենտրոն լինելու հավակնությունները լրջորեն կվտանգվեն եւ կարող են անիրագործելի դառնալ:
Կարծում եմ, Ռուսաստանը եւ Չինաստանը, նաեւ Իրանը համագործակցաբար ամեն ինչ անելու են՝ Սիրիայում իրենց դիրքերն ու ազդեցությունը պահպանելու համար: Վարչակարգի փոփոխություն, ինչպես դա եղավ Լիբիայում կամ Եգիպտոսում, Ռուսաստանը չի կարող թույլ տալ:
Միաժամանակ քաղաքականության մեջ ոչինչ պետք չէ բացառել, մանավանդ որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական բազում արտառոց նահանջների ականատես ենք եղել ու նաեւ մեր մաշկի վրա զգացել:



























