Կոլորադոյի կինոթատրոնում զանգվածային սպանություն իրականացրած 24-ամյա ասպիրանտ Ջեյմս Հոլմսն իր համալսարանում եղել է հոգեբույժի վերահսկողության տակ:
Դա հայտնի է դարձել, երբ Հոլմսի փաստաբանները դիմել են դատարան` փորձելով պարզել կինոթատրոնում ահաբեկչության ծրագիրը նոթատետրով հոգեբույժին ուղարկելու աղբյուրը: Հիշեցնենք, որ ավելի վաղ լուր էր տարածվել, որ իր գործողությունների մանրամասն նկարագրությամբ նոթատետրը Հոլմսը փոստով համալսարանի իր հոգեբույժին էր ուղարկել:
Ինչպես Associated Press-ինվկայակոչելով հայտնում է rbc-ն, փաստաբանները հավաստում են, որ տեղեկատվության արտահոսքը խախտում է իրենց պաշտպանյալի իրավունքները: Միջնորդության մեջ ասվում է, որ Հոլմսը բժիշկ Լինն Ֆենտոնի հիվանդն է եղել, սակայն չի հստակեցվում, թե ինչքան ժամանակ է նա եղել բժշկի հիվանդը եւ բուժվել է արդյոք հոգեկան հիվանդությունից:
Ըստ վերլուծաբանների` Հոլմսի պաշտպանությունը կձգտի նրա հոգեկան անհավասարակշռության հանգամանքն օգտագործել: Հոլմսին մեղադրանք կառաջադրվի հուլիսի 30-ին:
Հիշեցնենք, որ զանգվածային սպանությունը տեղի էր ունեցել հուլիսի 20-ին`Դենվերի մերձակայքի Ավրորա քաղաքի Century 16 Movie կինոթատրոնում: 24-ամյա ամերիկացի Ջեյմս Հոլմսը` Կոլորադոյի համալսարանի PhD ֆակուլտետի ուսանող, կինոսեանսի ժամանակ հրաձգություն էր բացել:
Հրաձիգին անմիջապես ձերբակալել էին: Նա Դենվերում Քոլորադոյի համալսարանի 24-ամյա ուսանող Ջեյմս Հոլմսն է եղել: Ձերբակալման ժամանակ նա իրեն ֆիլմում Բեթմենի երդվյալ թշնամի Ջոքեր է անվանել:


























