ԱՄՆ-ի Ավրորա քաղաքի կինոթատրոնի ահաբեկչությունից մեկ շաբաթ անց Մերիլենդ նահանգում եւս մեկ «Ջոքեր» է հայտնվել: Նոր  «Ջոքերին» ձերբակալել են մինչեւ  սպառնալիքներն իրականացնելը: 

Ինչպես նշվում է, նախորդ շաբաթվա ընթացքում 28-ամյա Նեյլ Փրեսքոթը երկու անգամ զանգել էր ընկերության գրասենյակ, որից նախապես հեռացվել էր, եւ բաժիններից մեկի ղեկավարին ասել էր, որ «Ջոքերն» է եւ պատրաստվում է բոլորին սպանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» վկայակոչելով WTOP ռադիոկայանին:

Ընկերության ղեկավարությունը դիմել է Ոստիկանություն: Այն բանից հետո, երբ պարզվել է զանգահարողի գտնվելու վայրը, նա ձերբակալվել է: Նրա բնակարանում ոստիկանությունն առգրավել է զենքեր: Ձերբակալության ժամանակ Փրեսքոթը հարբած է եղել եւ դիմադրել է ոստիկանությանը: Ձերբակալության պահին նրա հագին եղել է շապիկ`«Զենքը չի սպանում մարդկանց: Դա անում եմ ես» մակագրությամբ:

Ընկերության գրասենյակը, որի աշխատակիցներին սպառնացել էր կասկածյալը, գտնվում է  Վաշինգթոնի ծայրամասում: