ՄԱԿ-ում չեն կարողացել համաձայնեցնել զենքի առեւտրի վերաբերյալ միջազգային պայմանագրի տեքստը, որը պետք է վերահսկողություն սահմանի սպառազինության տարբեր տեսակների ներկրման եւ արտահանման վրա: ԱՄՆ-ն հայտարարել է, որ իրենց ավելի շատ ժամանակ է հարկավոր փաստաթուղթն ուսումնասիրելու համար, իսկ որոշ դիվանագետներ էլ ԱՄՆ-ին մեղադրել են բանակցությունները տապալելու մեջ:
Ըստ անանուն աղբյուրի`Վաշինգթոնը տապալել է գործընթացը, իսկ նշանակալի առաջխաղացում մինչեւ ԱՄՆ-ի նոյեմբերյան ընտրությունները պետք չէ ակնկալել: Amnesty Internationaում սպիտակ տան դիրքորոշումը բնորոշել են որպես «փոքրոգություն»: ԱՄՆ-ի ներկայացուցիչը կոնֆերանսի ավարտից հետո հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
Ռուսաստանը եւ Չինաստանը եւս լրացուցիչ ժամանակ են խնդրել փաստաթղթի ուսումնասիրման համար: Արդյունքում տեքստն ստորագրել է 90 երկիր, այդ թվում նաեւ ԵՄ-ի բոլոր անդամները, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի եւ Կարիբյան ջրավազանի բոլոր երկրները: Պայմանագիրը գործելու համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի բոլոր 193 պետությունների հավանությունը, նշում է «Ռոսբալտը»:
Զենքի արտահանման վերահսկողություն սահմանված է շատ երկրներում, սակայն միասնական միջազգային պայմանագիր նախկինում գոյություն չի ունեցել: Նման փաստաթղթի անհրաժեշտության մասին հայտնվել էր ՄԱԿ-ի ԳԱ-ում `2006 թվականին:
Պայմանագրի հետագա ճակատագիրը կորոշվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նիստում, որը կսկսվի սեպտեմբերին:



























