Մոսկվա է հասցվել ակիտա-ինու ցեղատեսակի քոթոթը`ճապոնական Ակիտա նահանգի ղեկավարի նվերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նահանգի ներկայացուցիչը Շերեմետեւոյի օդանավակայանում քոթոթին հանձնել է Ռուսաստանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներին:
Երեք ամսական շիկամազ էգ քոթոթի անունը Յումե է: Նա ծնվել է 2012թ. ապրիլի 24-ին: Այժմ նրա քաշը 8 կգ է, հասակը` 37 սմ, մարմնի երկարությունը`50 սմ, հայտնում է «Տրուդը»:
Ինչպես նշվել է Ակիտայի նահանգապետ Սատակե Նորիհիսայի հայտարարությունում, իշխանությունները որոշել են Պուտինին շուն նվիրել «ի նշան շնորհակալության Ճապոնիայի ուժեղ երկրաշարժից եւ ցունամիից հետո Ռուսաստանի ցուցաբերած օգնության համար», ինչպես նաեւ «իբրեւ շնորհավորանք ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ»:
Սպասվում է, որ քոթոթը նոր տերերին կհանձնեն հուլիսի 29-ին` բոլոր անհրաժեշտ ընթացակարգերից հետո:
Ակիտա-ինուն շների ազնվացեղ տեսակ է, հայտնի է տիրոջ նկատմամբ իր հավատարմությամբ: Այս ցեղատեսակը ճանաչվել է Ճապոնիայի ազգային հարստություն;




























