Վիենայում «Թուրքական ավիաուղիների» աշխատակիցը գրասենյակում արցունքաբեր գազ է տարածել, երբ շուրջ տասը քրդեր պաստառներով ներխուժել են շենք: Գազից տուժել են ինչպես քրդերը, այնպես էլ իրավիճակը կարգավորելու եկած 15 ոստիկանները:
Ինչպես Agence France-Presse-ին վկայակոչելով հաղորդում է lenta.ru-ն, բողոքի ցույցը եւ գրասենյակի գրավումը կարճ է տեւել, սակայն ոստիկանները հասցրել են մեծ քանակությամբ գազ շնչել: Նրանց, ինչպես նաեւ գրոհած քրդերին բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել:
Ոստիկանությունը ձերբակալել է նաեւ գործավարին եւ ակտիվիստներին: Շուտով նրանց կներկայացվեն մեղադրանքներ: Հայտնի չէ` արդյոք պատիժ կկրի «Թուրքական ավիաուղիների» աշխատակիցը, թե ոչ:
Անկախ Քուրդստանի ստեղծման կողմնակից մարտիկները 1984 թվականից զինված պայքար են մղում Թուրքիայի հիմնականում քրդերով բնակեցված հարավ-արեւելքում անկախություն ստանալու համար: 30 տարվա հակամարտության ընթացքում զոհվել է 45 հազար մարդ: Քուրդ գրոհայինները եւ ակտիվիստներն արտասահմանում բազմիցս հարձակումներ են գործել թուրքական ընկերությունների վրա:


























