Բեթմենի մասին «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմի պրեմիերաներն առանց միջադեպերի չեն ընթանում. Մեքսիկայում ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ կինոթատրոնում հրդեհ է սկսվել:
Գվադալախարայի երկրում մեծությամբ երկրորդ կինոթատրոնում բռնկված հրդեհի արդյունքում 800 մարդ է տարհանվել:
Ինչպես նշվում է լրատվամիջոցների հրապարակումներում, հանկարծակի միացած ազդանշանը հանդիսատեսին շփոթության մեջ է գցել: «Մենք չէինք հասկանում` դա ֆիլմի մի մասն էր, թե ինչ-որ բան էր պատահել, քանի դեռ լույսը չէր վառվել», - տեղական El Universal թերթին պատմել է Գվադալախարայի բնակիչը:
Ըստ նախնական տվյալների` հրդեհի պատճառ է դարձել աղբարկղի բռնկվելը: Կրակը հասել է կինոդահլիճներից մեկին, իսկ ամբողջ կինոթատրոնը լցվել է ծխով: Չնայած դրան` տարհանումն առանց միջադեպերի եւ խուճապի է տեղի ունեցել, հայտնում է «utro.ru»-ն:
Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի բնակիչները եւս հուլիսի 20-ին կինոթատրոնում 24-ամյա Ջեյմս Հոլմսի հրաձգությունն ընկալել էին որպես ֆիլմի մի մաս: Ահաբեկչության ընթացքում 20 մարդ զոհվել, 58-ը վիրավորվել էին:


























