Թոլիբ Այեմբեկովի զինված խմբավորումը հրաժարվել է հանձնել զենքը եւ շարունակում է դիմադրությունը, նշվում է Տաջիկստանի Գորնո-Բադախշանսկի ինքնավար մարզի վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Avesta գործակալությունը:
Նշվում է, որ Ազգային անվտանգության վարչության պետ Աբդուլո Նազարովի սպանությունից հետո իշխանությունները փորձում են խաղաղ երկխոսության մեջ մտնել Թոլիբ Այեմբեկովի հետ, սակայն անարդյունք:
«Օգտվելով առիթից` նա իր շուրջն է հավաքել զինված անձանց` այդպիսով խոչընդոտելով հանցագործության օբյեկտիվ հետաքննությանը եւ վտանգի ենթարկելով խաղաղ բնակչությանը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաեւ, որ ուժային կառույցների հատուկ գործողությունների արդյունքում զոհվել է 18 մարդ, այդ թվում` երկու խաղաղ բնակիչ: Ավելի վաղ հաղորդվել էր 30 գրոհայինի մահվան եւ 40-ի ձերբակալության մասին: Կառավարական ուժերն ունեցել էին 12 զոհ եւ 23 վիրավոր:



























