Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ՝ ծանոթանալու աղի արտադրության բարելավման եւ նորացման նպատակով ընկերության կողմից կատարվող ներդրումային ծրագրերին (ֆոտոռեպորտաժ)։ Վարչապետին ուղեկցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, մի խումբ պատգամավորներ եւ գործարարներ:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը «Էքստրա» տեսակի բարձրորակ կերակրի աղի արտադրության հարստացուցիչ ֆաբրիկան շահագործման է հանձնվել 1969թ. եւ արտադրանքի որակն ու մրցունակությունը պահպանելու համար արդեն արտադրությունն արդիականացնելու, աշխարհում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներով հագեցնելու կարիք է զգացվում։ Այդ պատճառով «Ավանի աղի կոմբինատ»-ը համագործակցություն է սկսել աղի գոլորշիացման եւ բյուրեղացման տեխնոլոգիաներում մասնագիտացած առաջատար շվեյցարական «SEP» ընկերության հետ, որին պատվիրել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, էներգակիրների զգալի տնտեսմամբ նոր գործարանի կառուցման նախագիծ։
«Էքստրա» տեսակի բարձրորակ կերակրի աղը ստացվում է աղաջրից` վակում-գոլորշիացման եղանակով, ինչի պատճառով ընկերությունը համագործակցություն է սկսել նաեւ ստորգետնյա հորերի ինժեներա-երկրաբանական նախագծային հեղինակավոր գերմանական «DEEP» ընկերության հետ, որին էլ պատվիրել է աղի արտադրության համար հումք հանդիսացող աղաջրի արտադրության եւ մաքրման նախագիծ։
Վերոնշյալ նախագծերի իրականացման համար կպահանջվի 3-4 տարի, իսկ ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի մոտ 10 մլն եվրո, ինչն էլ երաշխիք կհանդիսանա Հայաստանի Հանրապետությանը՝ մոտակա 50 տարիների ընթացքում հայրենական արտադրության բարձրորակ եւ մրցունակ աղով ապահովելու, ինչպես նաեւ արտահանման ծավալները զգալիորեն ավելացնելու համար։


























