Հնդկաստանից եւ Նեպալից ուխտավորներ տեղափոխող ջիփն ընկել է գետը, 15 մարդ զոհվել է, այդ թվում՝ 4 երեխաներ:
CNN-IBN հեռուստաալիքի հաղորդմամբ, ուխտավորներն ուղեւորվել էին երկրի հարավային Պալպա շրջանի սրբատեղիներից մեկը: Վարորդը լեռնային բարդ ճանապարհահատվածում կորցրել է կառավարումը, եւ գերծանրաբեռնված մեքենան ընկել է գետը: Երկու ուղեւորներ ողջ են մնացել, բայց նրանց վիճակը ծանր է, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Սա այս ամսվա ընթացքում Նեպալում տեղի ունեցած արդեն երրորդ խոշոր վթարն է: Այսպես, հուլիսի 16-ին 17 մարդ զոհվել էր այն բանից հետո, երբ Նեպալի կենտրոնական հատվածում ավտոբուսը շրջվել եւ ընկել էր գետը: Իսկ նախօրեին հնդկաստանցի 38 ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը կորցրել էր կառավարումը եւ ընկել ջրանցքը:


























