Խորոգում հուլիսի 24-ին պատանդ վերցված Տաջիկստանի գլխավոր դատախազության հինգ աշխատակիցներն ազատ են արձակվել: Այդ մասին հուլիսի 28-ին հաղորդում է Տաջիկստանի ազգային լրատվական «Խովար» գործակալությունը` վկայակոչելով գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը;
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 24-ի հատուկ գործողություններից առաջ զինված հանցախումբը հարձակում էր գործել գլխավոր դատախազության քննչական խմբի վրա` պատանդ վերցնելով դատախազության հինգ աշխատակիցների եւ առեւանգելով ԱԿՍ-74 մակնիշի ինքնաձիգ:
Հիշեցնենք, հուլիսի 21-ին Խորոգի ճանապարհին սպանվել էր Տաջիկստանի ՊԱԱԿ-ի Գորնո-Բադախշանի ինքնավար մարզի վարչության պետ, գեներալ Աբդուլո Նազարովը: Տաջիկստանի իշխանությունները պաշտոնապես մեղադրել էին Թոլիբ Այեմբեկովի`«Իշքաշիմ» սահմանային անցակետի պետի տեղակալի գլխավորած հանցամբին:
Հուլիսի 24-ի վաղ առավոտյան Խորոգում սկսվել էր Այեմբեկովի ԿՀԽ-ի դեմ հատուկ գործողությունը: Պաշտոնական Դուշամբեն հատուկ գործողության առաջին օրվա արդյունքում հայտարարել էր 12 զինծառայողների մահվան եւ 30 ավազակների ոչնչացման մասին:



























