Քանի դեռ սիրիական ընդդիմությունը ակտիվ կերպով քաղաքներ է գրավում, անիրատեսական է Բաշար Ասադից վարչակարգի փոփոխություն պահանջելը: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը ճապոնացի գործընկեր Կիոտիրո Գեմբայի հետ հանդիպմանը:
Նախարարի խոսքով, Մոսկվան սիրիական իշխանություններին կոչ է անում զինված գործողությունները դադարեցնելու առաջին քայլերը ձեռնարկել, բայց նկատի ունենալով այն, որ կառավարության համապատասխան գործողությունները զինված ընդդիմության կողմից չեն օգտագործվի քաղաքները գրավելու համար:
«Մենք կառավարությանը վստահեցնում ենք, որ անհրաժեշտ է առաջին քայլերը ձեռնարկել: Բայց երբ զինված ընդդիմության կողմից քաղաքներ են գրավվում, ինչպես այժմ գրավված է Հալեպը... ինչպես կարելի է հուսալ, որ նման իրավիճակում կառավարությունը պարզապես կհաշտվի եւ կասի. «Վերջ, ես սխալ էի, տապալեք ինձ, փոխեք վարչակարգը»: Դա պարզապես անիրատեսական է», - հավելել է նախարարը: Նրա խոսքով` «բոլորի վրա է պետք ճնշում գործադրել»:
«Մենք այդ մասին խոսում ենք արդեն քանի ամիս: Ցավոք, մեր արեւմտյան գործընկերները գերադասում են այլ կերպ գործել եւ ըստ էության Սիրիայի հարեւան մի քանի երկրների հետ քաջալերում, աջակցում են վարչակարգի դեմ զինված պայքարին: Այդ ամենի գինը ավելի շատ արյունն է», - նշել է նա:
Ինչպես նշում է «ՌԻԱ նովոստին», Հալեպ քաղաքի համար այս օրերին մղվող մարտը, որը ընդդիմության եւ կառավարության կողմից դիտարկվում է իբրեւ որոշիչ, կարող է երկրի ճակատագիրը վճռել: Հալեպի հաջող ազատագրման դեպքում կառավարության վերահսկողության տակ կանցնեն բոլոր խոշոր քաղաքները: Ընդդիմությունն իր հերթին մտադիր է Հալեպում հաղթանակի դեպքում վերահսկողության տակ վերցնել նաեւ մոտակա Իդլիբ քաղաքը: Դա նրան թույլ կտա Թուրքիայի հետ հյուսիս-արեւմտյան սահմանին ստեղծել «անվտանգության գոտի», որը որպես զինահարթակ կօգտագործվի Բաշար Ասադի դեմ հետագա պայքարի համար:



























