Ավստրալիայի ասորական համայնքը հաջորդ ամիս «Նահատակների օրվան» նվիրված սեմինար կկազմակերպի։ Այս մասին նշված է «Ազգերի եւ ժողովուրդների կազմակերպության» կայքում։ Սեմինարը կկայանա օգոստոսի 7-ին, Սիդնեյի՝ Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի շենքում։ Այն նվիրված կլինի Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում ասորիների ցեղասպանությանը։

Սեմինարին կմասնակցեն պետական, դաշնային եւ նահանգային քաղաքական գործիչներ եւ պաշտոնյաներ, Ավստրալիայի հայ եւ հույն համայնքների ներկայացուցիչներ։ Սեմինարի շրջանակում կցուցադրվի անեւ ամերիկացի ռեժիսոր Անդրե Անտոնի «Ոչնչացմանը հակառակ» ֆիլմը։ «Եթե ԱՄՆ-ն եւ այլ երկրներ չօգնեն ասորիներին նրանց իրավունքների պաշտպանության եւ պատմական հայրենիքում ապրելու հարցում, ես վախենում եմ, որ ասորիները կանհետանան»,- ասել է ռեժիսորը։

Ասորական ընդհանուր դաշինքի Ավստրալիայի բաժնի գլխավոր քարտուղարի տեղակալ Հերմեզ Շահենը հիշեցրել է, որ ասորիների ցեղասպանությունը տեղի է ունեցել Թուրքիայում Առաջին աշխարհամարտի տարիներին։ «Մենք կոչ ենք անում միջազգային մարդասիրական կազմակերպություններին ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա ճանաչի 1915թ. ասորիների, հայերի եւ հույների նկատմամբ  գործած ցեղասպանությունը»,- ասել է նա։