Բոսնիա եւ Հերցեգովինայում հուլիսի 28-ին 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես տեղեկացնում է քաղաքացիական պաշտպանության վարչությունը, զոհեր եւ լուրջ ավերածություններ չկան:

Ժամը 01.12-ին  (երեւանյան ժամանակով ժ. 03.12-ին) տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Զենիցա քաղաքի շրջանում: Ուժեղ ցնցումները զգացվել են բալկանյան այդ երկրի տարբեր շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Սարաեւոյում եւ Բանյա-լուկա, Բիհաչ, Գորաժդե քաղաքներում: Հաղորդվում է նաեւ, որ երկրաշարժն զգացվել է հարեւան Սերբիա եւ Խորվաթիա երկրներում:

Բոսնիական լրատվամիջոցների հաղորդմամբ, երկրաշարժը Զենիցայում խուճապ է առաջացրել: Բնակիչներից շատերը լքել են տները եւ երկար ժամանակ մնացել փողոցներում: Զենիցայի շատ տներում ճաքեր են գոյացել եւ փլվել են ճակատային հատվածները, գրում է « ՌԻԱ Նովոստին »:

Դաշնային հիդրոօդերեւութաբանական ինստիտուտի սեյսմաբանական կենտրոնի խորհրդական Ռուսմիր Գորուշանինը հաղորդել է, որ սա Բոսնիա եւ Հերցեգովինայում վերջին 40 տարիներին ամենախոշոր երկրաշարժերից էր: