Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները ենթադրում են, որ Բուրգասի ահաբեկիչը կարող էր բրիտանացի լինել:

Հատուկ ծառայությունների աշխատակիցներն այդ հարցը պարզելու համար եղել են Բուլղարիայում, հանդիպել ահաբեկչության քննությամբ զբաղվող գործընկերների հետ եւ ենթադրյալ հանցագործի ԴՆԹ-ի նմուշներ վերցրել:

Ինչպես Daily Mail-ին վկայակոչելով տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ահաբեկչի մնացորդների զննությունը ցույց է տվել, որ նա խոշոր կառուցվածք է ունեցել եւ շուրջ 95 կգ քաշ: Դա կասկածի տակ էր դրել նախնական վարկածը, ըստ որի ահաբեկիչը Բուրգասի օդանավակայանի տեսախցիկների առջեւ հայտնված նիհար երիտասարդը կարող էր լինել:

Քննիչները նաեւ քննարկում են այն վարկածը, որ պայթուցիկ սարքը գործողության մեջ էր դրվել հեռակառավարմամբ:

Ավելի վաղ շվեդական անվտանգության ծառայությունը հերքել էր  տեղեկատվությունն այն մասին, որ Բուրգասի օդանավակայանի ահաբեկչությունն իրագործել է թագավորության հպատակ Մեհդի Գեզալին: Իսրայելի վարչապետ  Բենիամին Նեթանյահուն պատասխանատվությունը  դրել էր «Հեզբալլահ» խմբավորման եւ Իրանի վրա: 

Հուլիսի 18-ին Սարաֆովոյի միջազգային օդանավակայանում իսրայելցի զբոսաշրջիկների ավտոբուսի պայթյունի հետեւանքով զոհվել էր 7 մարդ` ներառյալ ահաբեկիչ-մահապարտը, 30-ն էլ վիրավորվել էին: