Սիրիական ընդդիմության 40-ից ավելի ղեկավարներ օրերս Բեռլինում ժողովրդավարության կառուցման հատուկ դասընթացներ են անցել: Ասադին հավանական փոխարինողների դասընթացներն անցկացվել են խիստ գաղտնի պայմաններում, պարզել է իսրայելյան Haaretz գործակալությունը:

Գերմանիան վարպետության դասընթացների վայր է ընտրվել, որպեսզի ընդդիմադիր առաջնորդները կարողանային ծանոթանալ հատուկ ծառայությունների բնագավառում գերմանական փորձին:

Սիրիական հավանական վերնախավի ներկայացուցիչները այցելել են ԳԴՀ-ի գաղտնի ոստիկանության ժառանգությամբ զբաղվող գերատեսչություն:

Գերմանիայի արտգործնախարարությունում հաստատել են դասընթացների անցկացման  փաստը: «Դա մեր վառ արտահայտված քաղաքական գիծն է` նպաստել փոխըմբռնմանը սիրիական ընդդիմության ներսում եւ այն բանին, որ նրա կադրերն ավելի պրոֆեսիոնալ դառնան», - հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը:  Նա նաեւ ընդգծել է, որ ԳԴՀ-ն ծրագրի կազմակերպիչը չէ, հայտնում է rbc-ն:

Ինքնակրթության գործում սիրիական ընդդիմությանն օգնություն են ցուցաբերում նաեւ Խաղաղության ամերիկյան ինստիտուտը, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը եւ Շվեյցարիայի արտգործնախարարությունը: Բեռլինը ներգրավված է որպես դիտորդ: 

Ըստ դասընթացների անցկացման պատասխանատուներից մեկի` Սթիվեն Հեյդեմանի` սիրիական առաջնորդներին պատրաստելու նպատակը նրանց սովորեցնելն է, թե ինչպես կարող են քաոսից  խուսափել Բ. Ասադի տապալումից անմիջապես հետո: Այդ պատճառով էլ ծրագիրն անվանվել է  «Հաջորդ օրը. Օգնություն Սիրիային` ժողովրդավարությանն անցում կատարելու գործընթացում»: