Գլենդել քաղաքը համաձայնել է 23-ամյա հային 300 հազ. դոլարի փոխհատուցում վճարել` ոստիկանի կողմից նրան պատճառված վնասի դիմաց, գրում է «Glendale News-Press»-ը:
Թերթի համաձայն, Երվանդ Ալեքսանյանը հայտնել է, որ Գլենդել քաղաքի ոստիկան Մեթյու Ռուզգերյանի կողմից 2011թ. հունվարի 1-ին քաղաքային բանտում իր նկտամամբ «ոչ համաչափ» ուժ է կիրառվել եւ ինքն ստացել է գլխի վնասվածք, քթի կոտրվածք:
Սակայն խնդիրը կարգավորվել է մինչ Ալեքսանյանի կողմից Լոս Անջելեսի առաջին ատյանի դատարան դիմելը: Քաղաքի դատախազ Մայք Գարսիի խոսքով` համաձայնելով կարգավորման, քաղաքը, այդուամենայնիվ, «չի ընդունում խախտումները»: «Մենք պայմանավորվել ենք կարգավորել, քանի որ դա քաղաքի շահերից էր բխում»,-ասել է նա:
Համաձայնագրի կետերից մեկը Ալեքսանյանին կամ նրա փաստաբանին արգելում է բացահայտել համաձայնագիրը:
Ռուզգերյանը, որն աշխատանքի է ընդունվել 2005 թ-ին, շարունակում է պարտականությունները Գլենդելի ոստիկանությունում որպես պարեկ:


























