Իրավական ոլորտում հայ-իրանական համագործակցությունը հիմնականում վերաբերելու է մի կողմից հանցագործների փոխանցմանը մյուս կողմին: Այս մասին NEWS.am-ին ասաց ԵՊՀ իրավաբանական ֆալուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով` Հայաստանի ՔՕ-ն նման հնարավորություն նախատեսում է:

«Հայաստանի եւ Իրանի իրավական համակարգերը բավականին շատ են տարբերվում, որպեսզի խոսվի երկու երկրների դատաիրավական համակարգերի համապատասխանության մասին: Հետեւաբար, համագործակցությունը կարող է  վերաբերել հանցագործների, հետախուզվող անձանց մասին տեղեկությունների փոխանակմանը եւ այլն»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է Իրանում հանցագործություն կատարած Հայաստանի քաղաքացիներին եւ հակառակը,  Հովհաննիսյանը նշեց, որ տվյալ հարցը կարգավորվում է միջազգային մի շարք նորմերով: Մասնավորապես, եթե մի երկրում սպանության համար, օրինակ, նախատեսվում է  15 տարվա ազատազրկում, իսկ մյուս երկրում` մահապատիժ,  հանցագործություն կատրած անձը պետք է պատիժ կրի այն երկում, որտեղ  դատավճիռը մեղմ է: «Դա տարածում գտած միջազգային նորմ է», - ամփոփեց նա:

NEWS.am-ին Արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամադ Ռեյիսին:  Դեսպանը շնորհակալություն էր հայտնել դատապարտյալների հանձնման հարցում Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշման համար, միեւնույն ժամանակ, նա  խնդրել է այս պահին Հայաստանում պատիժ կրող Իրանի քաղաքացիների ցանկը: Մոհամադ Ռեյիսին հույս է հայտնել, որ մեր երկրի կողմից պարբերաբար ցուցաբերվող բարի կամքի դրսեւորումը իրանցի դատապարտյալներին հայրենիք վերադարձնելու գործում շարունակական կլինի: Կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ դատապարտյալների փոխանցման մասին» բանակցային փուլերն անցած եւ առաջիկայում կնքվելիք համաձայնագրին: