Քրեական հեղինակություն Մամեդով Ալադին Սադայօղլուն Ռուսաստանում իր ներկայությունն օրինականացրել է ադրբեջանցի օլիգարխների օգնությամբ եւ դարձել «օրինակելի» քաղաքացի: Ռուսական հետախուզման մեջ նա այլեւս հաշվառված չէ՝ ի տարբերություն միջազգայինի:

Մամեդովը բնակվում է Մոսկվայում, զբաղվում է գործարարությամբ. գլխավորում է ավտոմեքենաների եւ ավտոտրանսպորտային միջոցների Star ԲԲԸ-ն:

Այդ մասին Vesti.Az-ին հաղորդել են Բաքվի Սուրախանի շրջանի ոստիկանական վարչությունից:

Ա. Մամեդովը խառն է «Իմպրոտեքս» ընկերության  փոխտնօրեն Մատվեյ Ռաֆայիլովիչ Ելիզարովի 1995 թվականի փետրվարի 22-ին իրականացված առեւանգման քրեական գործում, որն իրականացրել էր ադրբեջանական օրենքով գող Իբրահիմ Թահիր Աբբասօղլուի հանցախումբը, որը քրեական աշխարհում հայտնի է որպես   «Լոտու Թահիր»  կամ Թահիր «Բյուլբյուլինսկի»:

«Բյուլբյուլինսկին» ձերբակալվել էր Սանկտ Պետերբուրգում, սակայն պատիժը կրել է Ադրբեջանում: Նա ազատվել էր 2011 թվականի դեկտեմբերին` 12 տարի նստելուց հետո:

Իսկ ահա Ալադին Մամեդովին ունեցած կապերն օգնեցին խուսափել քրեական պատասխանատվությունից: 2006 թվականի հոկտեմբերի 5-ին Մամեդովը ձերբակալվել էր Մոսկվայում կեղծ անձնագրի համար: Սակայն այն ժամանակ կեղծ անձնագրի համար նրա դեմ գործ չեն հարուցել:

2007 թվականի հունվարին Մամեդովին ազատել են կալանքից: Ավելին, վերացրել են նրա հետախուզումը Ռուսաստանում:

Ռուսական գլխավոր դատախազությունը մերժել է Մամեդովին ադրբեջանական կողմին հանձնելը` պատճառաբանելով, որ նա Ռուսաստանի քաղաքացի է: