Լիբիայի սպանված բռնապետ Մուամար Քադաֆիի գաղտնի թաքստոցը հայտնաբերել է Ալժիրի հետախուզությունը, ապա այդ մասին հայտնել բրիտանացի գործընկերներին: Այդ մասին ասվում է հեռագրում, որը հրապարակել է WikiLeaks-ը հուլիսի 27-ին:

Ըստ փաստաթղթի, Ալժիրի իշխանությունները շահագրգռված են եղել գնդապետի մահվան մեջ եւ հանձնել են նրան, որ «կանխեն Քադաֆիի եւ Ալ-Քաիդայի միջեւ հնարավոր դաշինքը»:

Լիբիայում գտնվող ամերիկյան դիվանագետների նամակից բխում է, որ մահից քիչ առաջ բռնապետը մի քանի անգամ փորձել է քաղապաստան ստանալ Ալժիրում: Նա այդ հարցը քննարկել է ալժիրցի պաշտոնյաների հետ, բայց նախագահը կտրականապես մերժել է, հաղորդում է MIGNews-ը:

Նշենք, որ Քադաֆիի ընտանիքը` կինը, դուստրը եւ մի քանի եղբայրներ ապաստան են ստացել հենց Ալժիրում: Գնդապետը մնացել էր Լիբիայում եւ 2011թ. հոկտեմբերին սպանվել ապստամբների ձեռքով, իր հարազատ Սիրտ քաղաքում: Քադաֆին մի քանի անգամ փոխել էր թաքստոցը, բայց չորրորդ կացարանում բռնել էին նրան: