Լաս Վեգասում հուլիսի 26 -29-ը անցկացվում է DEFCON-ի 20-րդ հոբելյանական համաժողովը, որն ամեն տարի հավաքում է տեղեկատվական անվտանգության մասնագետների, գիտնականների, ուսանողների, հաքերների եւ այդ հարցերով հետաքրքրվող հազարավոր մարդկանց:
Ինչպես հաղորդում է «Վեստին», համաժողովին մասնակցում են մոտ 13 հազ. հաքերներ: Համակարգեր կոտրելն այստեղ շատերի համար կամ աշխատանք է կամ հոբբի: «Բոլոր համակարգերը վաղուց արդեն կոտրված են, դուք պարզապես կարող եք այդ մասին չիմանալ»,-նշել է Ռիչարդ Մարշալը ` ԱՄՆ կիբերանվտանգության ծառայության նախկին սպան:ԱՄՆ կիբերնետիկ հրամանատարության եւ ազգային անվտանգության գործակալության տնօրեն Քիտ Ալեքսանդերը նույնպես մասնակցել է համաժողովին: Դիմելով մասնակիցներին ` նա ասել է. «Դուք հասկանում եք կիբեռանվտանգությունից եւ գիտեք, ինչպես կարող ենք պաշտպանել մեր ցանցերը: Եվ դուք կարող եք մեզ օգնել անել դա: Ես ցանկանում եմ տեսնել, որ մենք կարող ենք դա անել միասին»,-հայտարարել է նա` նշելով, թե նրանց հրավիրում է աշխատանքի, սակայն խոստովանել է, որ ավելի ցածր են վճարում:Աշխատանքը հաքերներին կարծես թե չի հետաքրքրել: Հարցրել են այլ բանի մասին. օրինակ, արդյոք գործակալությունը էլեկտրոնային դոսիե ունի յուրաքանչյուր ամերիկացու վերաբերյալ: Գեներալը պատասխանել է, որ ոչ:




























