Ազատության մեջ գտնվող Pussy Riot փանք խմբի աղջիկները` Բալակլավան, Վորոբեյը եւ Բելկան, բացառիկ հարցազույց են տվել բրիտանական The Guardian թերթին, որում հայտարարել են, որ նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է իրենցից: 

«Պուտինն աղջիկներից վախենում է: Բռնապետ Պուտինն իրականում վախենում է մարդկանցից», - հայտարարել են աղջիկները:

Pussy Riot-ի մասնակիցները նշել են, որ Քրիստոս փրկչի տաճարում տեղի ունեցածը հենց աղոթք էր: «Աստվածամայրը համարվում է Ռուսաստանի պաշտպանը: Եւ այդ պատճառով էլ դա հենց աղոթք էր Աստվածամորը, որպեսզի նա քշի Պուտինին եւ փոխի մեր քաղաքական համակարգը», — պատմել են աղջիկները:

Հարցազրույցի ժամանակ Pussy Riot-ի մանակիցները չեն հանել դիմակները եւ նույնիսկ պատմել են, որ շատ ժամանակ նրանք փոխվում են իրենց աքսեսուարներով:  Աղջիկները նշել են, որ դիմակներն իրենց վստահություն եւ հնարավորություն են տալիս իրենց նոր ռուս սուպերհերոսներ զգալ, գրում է gazeta.ru-ն:  Աղջիկները հայտնել են նաեւ իրենց տարիքը` Բալակլավան 33 տարեկան է, Բելկան` 20, Վորոբեյը` 22:

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանում այսօր կսկսեն վերանայել Pussy Riot խմբի քրեական գործը: Նադեժդա Տոլոկոննիկովային, Մարիա Ալյոխինային, Եկատերինա Սամուցեւիչին մեղադրում են խուլիգանության մեջ: Նրանց սպառնում է մինչեւ 7 տարվա բանտարկություն` այս տարվա փետրվարին Քրիստոս փրկչի տաճարում փանք-աղոթք անցկացնելու համար: