Սիրիայի վերաբերյալ Քոֆի Անանի ծրագրի ներուժը չի սպառվել, անհրաժեշտ է շարունակել խորհրդակցությունները, կարծում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
«Իրավիճակը շատ բարդ եւ ծանր է: Բայց ես ամեն դեպքում կարծում եմ, որ Քոֆի Անանի ծրագրի ներուժը չի սպառվել հենց այն պատճառով, որ դա քաղաքական եւ խաղաղ ծրագիր է», ասել է նաեւ բրիտանական Times թերթին տված հարցազրույցում:
«Իրականում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումներն այնքան էլ չեն տարբերվում, մեզ համար Սիրիայում դեպքերի ամենավատ զարգացումը քաղաքացիական պատերազմն է, ինչի կանխատեսումն այսօր կա», - վարչապետի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Մեդվեդեւը նշել է, որ Սիրիան իբրեւ պետություն շատ ավելի բարդ է, քան Եգիպտոսն ու Լիբիան, քանի որ այստեղ միանգամից մի քանի համայնքներ են հաստատված` սունիներ, շիաներ, ալավիթներ եւ քրիստոնյաներ: Նրանք պետք է կամ փոխզիջման գնան կամ երկրում քաղաքացիական պատերազմ սկսեն: Վարչապետը նաեւ շեշտել է, որ միայն Սիրիայի ժողովուրդը պետք է որոշի իր երկրի ապագան եւ Ասադի տեղն այնտեղ:
Մեդվեդեւը Լիբիայի օրինակն անընդունելի է համարել. «Դա վատ ճանապարհ է, ոչ ոքի պետք չէ, եւ ինձ այդ մասին վստահեցրել են նախագահ Օբաման եւ վարչապետ Քեմերոնը; Այդ պատճառով կարծում եմ, որ . Սիրիայի վերաբերյալ Քոֆի Անանի ծրագրի ներուժը չի սպառվել, անհրաժեշտ է շարունակել խորհրդակցությունները», -ասել է վարչապետը:
Մեդվեդեւը նաեւ խոստովանել է, որ Սիրիայի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը ձեւավորվել է Լիբիայի հակամարտության փորձի հիման վրա:



























