2012 թ. առաջին կիսամյակի արդյունքներով` «Հառուսգազարդը» շարունակում է մնալ հանրապետության թիվ մեկ հարկատուն` 18.2 մլրդ դրամ վճարած հարկերով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «Հայռուսգազարդը» մոտ 50 %-ով ավելի հարկ է վճարել:
Երկրորդ խոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է` 11.3 մլրդ դրամ: Ընկերությունը նախորդ տարի առաջին տեղում էր` 15 մլրդ դրամ ցուցանիշով: Հարկ է նշել, որ հանքարդյունաբերական ընկերություններից միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է արձանագրել վճարած հարկերի նվազում, ինչը հնարավորէ` միջազգային շուկայում մոլիբդենի գների անկման հետեւանք է:
Հանքարդյունաբերական մեկ այլ ընկերություն` Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ քամփընի»-ն նախորդ տարվա համեմատ 90%-ով ավելի հարկ է վճարել, ու առաջին անգամ հայտնվել է խոշոր հարկատուների առաջին տասնյակում (9-րդ տեղ): Սակայն ամենամեծ աճ ցույց է տալիս «Գեոպրոմայնինգ» ընկերությունը (Սոթքի ոսկու հանքավայր, Արարատի ոսկու կորզման գործարան): Այս ընկերությունը 2012 թ. առաջին կիսամյակում վճարել է 2.4 մլրդ դրամ` նախորդ տարվա 700 մլն դրամի համեմատ (աճը` 3.5 անգամ): Նախորդ տարվա 56-րդի համեմատ ընկերությունն այս տարի զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:
Պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգը» պահպանում է երրորդ խոշոր հարկատուի կարգավիճակը` վճարելով 9.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ ընկերությունը ավելի է վճարել 1.2 մլրդ դրամ:
«Ալեքս Գրիգին» հետեւում են հեռահաղորդակցական երկու խոշոր ընկերությունները` «Ղ-Տելեկոմը» (7.2 մլրդ դրամ) եւ «ԱրմենՏելը» (6 մլրդ դրամ): «ԱրմենՏելի» մոտ նախորդ տարվա համեմատ առկա է վճարած հարկերի որոշ նվազում (մոտ 800 մլն դրամի չափով), ինչը հավանաբար պայմանավորված է ֆիքսված հեռախոսակապում եկամուտների անկմամբ: «Ղ-Տելեկոմն», ընդհակառակը, 2.5 մլրդ դրամով ավելացրել է վճարած հարկերը: Շարունակվում է մյուս հեռահաղորդակցական ընկերության` «Օրանժ Արմենիայի» ետընթացը: Ընկերությունը 1.2 մլրդ դրամով հայտնվել է 34-րդ տեղում`նախորդ տարվա 11-րդ հորիզոնականի համեմատ (այս նույն ժամանակահատվաածում վճարվել էր 2 մլրդ դրամ):
Վառելիքի շուկայի գորիշխողներ «Ֆլեշն» ու «Սիթի Պետրոլ գրուփը» ավանդաբար տեղ են զբաղեցնում խոշոր հարկատուների առաջին տասնյակում: Առաջին կիսամյակի արդյունքներով «Ֆլեշը» վճարել է 5 մլրդ դրամ եւ 6-րդ տեղում է, իսկ «Սիթի Պետրոլ գրուփը»` 4.1 մլրդ դրամ եւ 8-րդ տեղում է: Սակայն եթե «Ֆլեշը» նախորդ տարվա համեմատ ավելի շատ է հարկ վճարել, ապա «Սիթի Պետրոլ գրուփը» `700 մլն դրամով նվազեցրել է այն: Հավանաբար` ՏՄՊՊՀ-ի կողմից այս տարի տուգանվելով 100 մլն դրամով` գերիշխող դիրքի չարաշահման համար, «Սիթի Պետրոլ գրուփը» այդ տուգանքը փոխհատուցել է հարկերը պակասեցնելով:
Եւ վերջապես` խոշոր հարկատուների առաջին տասնյակում տեղ են գտել 2 էներգետիկ կազմակերպություններ` «Հայկական էլեկտրացանցերն» (4.6 մլրդ դրամ եւ 7-րդ տեղ) ու Հայկական ատոմակայանը (3 մլրդ դրամ եւ 10-րդ տեղ): Ընդ որում` Հայկական ատոմակայանը մոտ 1 մլրդ դրամով ավելի հարկ է վճարել նախորդ տարվա համեմատ, իսկ ՀԷՑ-ն, ընդհակառակը, հարկերի վճարումը նվազեցրել է մոտ 400 մլն դրամով:


























