Իրանում աղետի է ենթարկվել ռուսական երկկենցաղ ԼԱ-8 ինքնաթիռը: Ինքնաթիռում գտնված 3 մարդկանցից 1-ը լուրջ տուժել է, մյուս 2-ն աննշան վնասվածքներ են ստացել: 

Ինչպես Press-TV-ին վկայակոչելով հայտնում է rbc-ն, ինքնաթիռը ջախջախվել էր այն բանից հետո, երբ թեւով հարվածել էր Թեհրանից 150 կմ հեռավորության վրա գտնվող  Բանդար Անզալիի ափամերձ ժայռերին: Ներկայումս կատարվում է քննություն:

Ըստ չհաստատված տեղեկատվության` ինքնաթիռը Ռուսաստանից Իրան էր ներկրվել 2012 թվականի մայիսին:

ԼԱ-8 ինքնաթիռը նախատեսված է 8 մարդու համար` ներառյալ օդաչուին, նա հարմարեցված է ջրից եւ ցամաքից թռիչքի համար: Թռիչքի հեռավորությունը կազմում է հազար կմ: Ինքնաթիռը համալրված է չեխական արտադրության 2 շարժիչներով, վառելանյութը ավտոմեքենայի բենզինն է: