ԱՄՆ-ն Իսրայելին է փոխանցել Իրանի միջուկային օբյեկտների դեմ հնարավոր հարձակման սցենարը, որը կգործարկվի դիվանագիտական ճանապարհով Թեհրանի միջուկային ծրագիրը դադարեցնելը ձախողելու դեպքում:  Այդ մասին հայտնում է իսրայելական  Haaretz  թերթը:

Ըստ թերթի` դա տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ: Պենտագոնի մշակած ծրագիրը Թել Ավիվին է փոխանցել ամերիկյան նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Թոմաս Դոնիլոնը, որը Երուսաղեմ էր մեկնել գաղտնի այցով  մինչեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Իսրայել այցելելը, հայտնում է «vesti.ru»-ն:

Ամերիկյան դիվանագիտական աղբյուրը, որին վկայակոչում  է Haaretz-ը, հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դոնիլոնին ընթրիքի էր հրավիրել, որը տեւել է 3 ժամ: 

Դոնիլոնը Նեթանյահուին նկարագրել է Պենտագոնի եւ ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքն Իրանի դեմ հարձակման նախապատրաստման շրջանակներում, սակայն ընդգծել է, որ ըստ ԱՄՆ-ի ղեկավարության տվյալների, խնդրի ռազմական ճանապարհով լուծելու ժամանակը դեռեւս չի եկել, հայտնում է  NEWSru Israel-ը:

Մոտ օրերս նախատեսված է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետայի այցը Երուսաղեմ: Ներկայումս Երուսաղեմում է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Միթ Ռոմնին, որն արդեն հայտարարել է Իրանի դեմ հարձակման դեպքում Իսրայելին աջակցելու իր մտադրության մասին:

Նախորդ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման օրենք էր ստորագրել Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության ամրապնդման վերաբերյալ: Այդ օրենքի շրջանակներում ՑԱԽԱԼ-ը կարող է ինքնաթիռներ եւ գերհզոր ռումբեր ստանալ: