Աֆղանստանում խաղաղարարական գործողությունների ընթացքում վիրավորված վրացի զինծառայողը վախճանվել է Գորի քաղաքի ռազմական հիվանդանոցում: Այդ մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Նախարարությունը ցավակցություն է հայտնում զոհվածի ընտանիքին: Պաշտպանության նախարարությունը նաեւ իր վրա է վերցնում զինծառայողի թաղման բոլոր ծախսերը: Զոհվածի մարմինն արդեն փոխանցվել է նրա ընտանիքին եւ հարազատներին, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
1984 թվականին ծնված Գիվի Պանցուլայան վիրավորվել էր աֆղանական Հիլմենդ նահանգում 2012 թվականի հունվարին` թալիբների հարձակման ժամանակ ականի պայթյունի հետեւանքով: Այն ժամանակ նաեւ զոհվել էր մեկ վրացի կապրալ` Շալվա Պայլոձեն:
Վիրավոր Գիվի Պանցուլայային տեղում օգնություն էին ցույց տվել ամերիկյան ռազմական բժիշկները, այնուհետեւ նա տեղափոխվել էր Գերմանիայի ռազմական հիվանդանոց: Վնասվել էր զինծառայողի կենտրոնական նյարդային համակարգը, նա այս ողջ ընթացքում կոմայի մեջ էր եղել`միացված կենսապահովման սարքին:
Մարտի 3-ից հետո, ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության որոշման, վիրավոր կապրալին հետագա բուժման համար տեղափոխել են Գորիի ռազմական հիվանդանոց: Սակայն չի հաջողվել փրկել Գիվի Պանցուլայայի կյանքը: Նա Աֆղանստանում զոհված արդեն 17-րդ վրացի զինծառայողն է:



























