Համացանցում հոդված է ի հայտ եկել ի պաշտպանություն աղմկահարույց WikiLeaks կայքի, որի հեղինակն իբր The New York Times թերթի նախկին գլխավոր խմբագիր Բիլ Քելերն է եղել: Հուլիսի 29-ին այն տեղադրվել էր The New York Times-ի առցանց տարբերակին շատ նման կայքում: Սակայն, ինչպես պարզվել է, կայքը կեղծ է եղել:
Ինչպես Agence France-Presse-ին հվկայակոչելով հայտնում է «lenta.ru» -ն, այդ կայքում հոդված է հայտնվել «Wikileaks, A Post Postscript» վերնագրով` ստորագրված Քելերի անվամբ: Այդ հոդվածում հեղինակը պաշտպանել է Ջուլիան Ասանժի նախագիծը եւ հաստատել, որ ամերիկյան կառավարության գաղտնի փաստաթղթերի հրապարակումներն ընկնում են ԱՄՆ-ի Սահմանադրության Առաջին փոփոխության ազդեցության տակ:
Բիլ Քելերը երկար տարիներ հոդվածագիր է եղել, իսկ 2003-2011 թթ.` թերթի խմբագիր, այդ պատճառով էլ նրա հոդվածի հայտնվելը ոչ ոքի չի զարմացրել: WikiLeaks-ի մասին հոդվածն սկսել է տարածվել համացանցով, երբ նրա հղումը հայտնվել է Քելերի թվիթերում: Հետագայում պարզվել է, որ հաշիվը կեղծ է եղել: Բիլ Քելերն իր իսկական թվիթերում հայտնել է, որ նա նման հոդված չի գրել, իսկ նշված նյութը կեղծ է:
Կեղծ կայքը միտումնավոր էր ստեղծվել WikiLeaks-ի մասին նյութը տեղադրելու համար: Կայքը տեղադրել են opinion-nytimes.com հասցեով, իսկ թերթի իսկական առցանց տարբերակն ունի nytimes.com հասցեն:




























