Խոշոր վթար է տեղի ունեցել լեհական Լոձ քաղաքի մերձակայքում. բախվել են գնացքն ու միկրոավտոբուսը, որի հետեւանքով զոհվել է 8 մարդ, 2-ը` վիրավորվել:
Դեպքը տեղի է ունեցել երկաթգծերը հատելիս: Զոհվածները եւ տուժածները միկրոավտոբուսի ուղեւորներն են: Ավտոբուսը վթարի հետեւանքով գրեթե ամբողջովին ջախջախվել է: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ դեռեւս հնարավոր չէ նրա մակնիշը որոշել, հայտնում է «pravda.ru»-ն:
Ըստ նախնական տվյալների` բախման ժամանակ գնացքն ընթացել է 30-40 կմ/ժ արագությամբ: Հաղորդվում է, որ միկրոավտոբուսով մեկնողներն արտասահմանցիներ են եղել: Գնացքի ուղեւորներից ոչ ոք չի տուժել:
Տվյալ երկաթուղային վթարը Լեհաստանի համար վերջին ամիսների ընթացքում ռեկորդային է դարձել: Երկրի ԱԻՆ-ի աշխատակիցները նշում են, որ երկրի երկաթգծերը շատ հին են, իսկ Լոձ քաղաքինն ընդհանրապես շարքից դուրս են եկել:


























