Թեեւ 2012 թ. Հայաստանից պղնձի արտահանումն ավելացել է, եկամուտները նվազում են` կապված միջազգային շուկայում պղնձի գների անկման հետ:

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակման` 2012 թ. առաջին կիսամյակում արտահանվել է 63.3 հազ. տոննա պղնձի հանքաքար եւ խտահանք, որը գերազանցում է 2011 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 8.3 հազ. տոննայով: Սակայն եթե 2011 թ. արտահանումից հասույթը կազմել էր 130 մլն դոլար, ապա 2012 թ.` 112.8 մլն դոլար է:

Նշենք, որ Լոնդոնի մետաղների բորսայում պղնձի մեկ տոննան հուլիսի 30-ին գնանշվում էր 7555 դոլարով: Նախորդ տարվա առաջին կիսամյակում պղնձի մեկ տոննայի գինը կայուն գերազանցում էր 8400 դոլարը, իսկ փետրվարին հատել է նույնիսկ 10 հազ. դոլարի սահմանագիծը:

Ընդհանուր առմամբ` այս շուկայի փորձագետները պղնձի գների հետագա նվազում չեն կանխատեսում, առավել հավանական է համարվում մի փոքր թանկացումը: