Ուկրաինայի Գերագույն Ռադան հուլիսի 30-ի արտահերթ նիստում հավանություն չի տվել ներկայացված 4 նախագծերից եւ ոչ մեկին, որոնք առաջարկում էին չեղյալ համարել հուլիսի սկզբին ընդունված «Պետական լեզվաքաղաքականության հիմունքների մասին»  օրենքը: Հիշեցնենք, որ ընդունման գործընթացն ուղեկցվել էր խորհրդարանում վեճով եւ Կիեւի փողոցներում հատուկ նշանակության ջոկատի հետ քաղաքացիների բախումներով:

Ռադան նաեւ քվեարկել էր խոսնակ Վլադիմիր Լիտվինի հրաժարականի դեմ, որը հայտարարել էր իր պաշտոնից հեռանալու մասին, քանի որ լեզվական օրենքն ընդունվել էր կանոնները շրջանցելով:

Խորհրդարանում լեզվի վերաբերյալ օրենքների քննարկումը, ինչպես որ ամսվա սկզբին, մարդկանց ստիպել է ուկրաինական մայրաքաղաքի փողոցներ դուրս գալ, հայտնում է NEWSru.com-ը:

Իրավապահ մարմիններն ուժեղացրել են Ռադայի շենքի շուրջ  պաշտպանությունը: Ըստ ականատեսների`  ցանկապատի մոտ շարվել են ոստիկանության աշխատակիցները լիովին սպառազինված, ինչպես նաեւ հատուկ ստորաբաժանման` «Բերկուտի»  եւ ներքին զորքերի զինծառայողները: Կայանած են նաեւ ոստիկանական 5 միկրոավտոբուսներ:

Հիշեցնենք, հուլիսի 3-ին Գերագույն ռադան լեզվական օրենք էր ընդունել, որն զգալի ընդլայնում է ռուսերենի կիրառությունը: Խոսնակ Վլադիմիր Լիտվինը հրաժարվել էր օրենքը ստորագրելուց եւ տեղակալ Նիկոլայ Տոմենկոյի հետ հրաժարականի դիմում ներկայացրել:

Ընդդիմությունում կարծում են, որ օրենքը փաստացի ռուսերենը կդարձնի պետական երկրորդ լեզու, ինչը Ուկրաինայի սահմանադրության խախտում է: Հուլիսի 7-ին Վիկտոր Յանուկովիչը կառավարությանը հանձնարարել էր վերանայել «լեզվական» օրենքի փոփոխություները: