Հուլիսի 30-ին Ուկրաինայում մեկնարկել է Գերագույն Ռադայի ընտրությունների քարոզարշավը: Ուկրաինայի նախկին վարչապետ,  «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն գլխավորել է միասնական ընդդիմության կուսակցական ցուցակը: 

Կուսակցական ցուցակում երկրորդն է Արսենի Յացենյուկը, երրորդը «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության առաջնորդ Անատոլի Գրիցենկոն է,  չորրորդը` Ալեքսանդր Տուրչինովը, հինգերորդը` Ուկրաինայի ՆԳՆ-ի նախկին ղեկավար Յուրի Լուցենկոն, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ըստ Ուկրաինայի օրենսդրության` դատապարտված Տիմոշենկոն եւ Լուցենկոն չեն կարող մասնակցել ընտրություններին: Սակայն միջազգային կազմակերպություններն արդեն հայտարարել են, որ խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական չեն ճանաչվի, եթե վերջիններս չմասնակցեն դրանց, հայտնում է NEWSru.ua-ը:

Թեկնածուների առաջադրումը պետք է ավարտվի մինչեւ օգոստոսի 10-ը: Ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 28-ին:

Ռադա անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն  5%-անոց  արգելքը: