Կոստանդնուպոլսի պատրիարքարանը չի զբաղվում Հայաստանի քաղաքացի Գիրգոր Իշխանյանի գործով, ով Ստամբուլում թուրքի է սպանել, որը փորձել էր ոտնձգություն կատարել նրա ընկերուհու նկատմամբ: Այս մասին NEWS.am-ին ասաց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ Թաթուլ Անուշյանը: Նրա խոսքով` պատրիարքարանը չի կարող միջամտել մի քանի պատճառով:
«Խոսքը սպանության մասին է, մենք լիազորություն չունենք միջամտելու նման գործերի: Այլ հարց է, եթե մեզ դիմեն Իշխանյանի կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, մենք կարող ենք այս կամ այն միջոցառումը ձեռնարկել»,-հայտարարեց զրուցակիցը:
Իշխանյանը Հայաստանի քաղաքացի է, եւ հաշվի առնելով, որ Հայաստանը Թուրքիայի դեսպանատուն չունի, նման գործերով, ըստ զրուցակցի, զբաղվում է ՍԾՏՀ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը:
ՍԾՏՀ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում NEWS.am-ի թղթակցին ասացին, որ հյուպատոսական ծառայությունենր չեն մատուցում, Իշխանյանի գործով առանձին չեն զբաղվում եւ ավելին չեն կարող ասել, ինչ արդեն կա թուրքական մամուլում:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ստամբուլի Ֆաթիհի շրջանի Քումքափը թաղամասում հայաստանցի Գրիգոր Իշխանյանը վիճաբանել է իր վարձած տան տիրոջ՝ Ջեմալ Թ.-ի հետ եւ դանակահարել վերջինիս: 33-ամյա Գրիգորը երեկոյան ուշ տուն է կանչել իր վարձակալած տան տիրոջը՝ բացատրություն պահանջելով իր ընկերուհու՝ 20-ամյա Սեդայի նկատմամբ սեռական ոտնձգության համար:
Ծագած վիճաբանության վերջում Գրիգորը դանակահարել է Ջեմալին: Հարեւանների ահազանգի վրա ժամանած ոստիկանությունն իր հերթին կանչել է շտապ օգնության մեքենա, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են, որ Ջեմալն արդեն մահացած է:


























