«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը մտահոգված է Հայաստան ժամանած սիրիահայերի շուրջ ստեղծված իրադրությամբ եւ ամենօրյա սնունդ է առաջարկում կարիքավոր մեծահասակներին եւ երեխաներին։

Կազմակերպության հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստան դարձած սիրիահայ սիրելի հայրենակիցներ, խոր անհանգստությամբ ենք հետեւում Սիրիայում քաղաքացիների կյանքին սպառնացող արյունալի իրադարձություններին եւ դժվարություններին: Ցավում ենք, որ առայժմ ստիպված եք եղել թողնել ձեր օջախները մի երկրում, որ իր դռներն է բացել Եղեռնից եւ մեծ հայրենազրկումից մազապուրծ եղած մեր հայրենակիցերին՝ մեր պապերին: Թերեւս, այս պարագայում բոլորիս միակ մխիթարանքն այն է, որ դուք այժմ ձեր Հայրենիքում եք՝ անվտանգության մեջ եւ շրջապատված սրտացավ ու հարազատ արյունակիցներով:

Ծանր այս օրերին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը եւս իր զորակցությունը, հոգատարությունն ու սերն է հայտնում ձեզ եւ սիրով պատրաստ է ձեր մեջ գտնվող կարիքավոր մեծահասակներին եւ երեխաներին ընդգրկելու իր ամենօրյա սննդի ծրագրում: Դիմեք մեզ ք.Երեւան, Առաջին Եկմալյան 6 հասցեով կամ զանգահարեք (010) 53 51 67 հեռախոսահամարով»: