NEWS.am-ն արդեն տեղեկացել է, որ երեկ բերման է ենթարկվել Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գտնվող «Թագուհին ձորի» ռեստորանային համալիրի մենեջերն ու Վայքի բնակիչ՝ Կամո Գասպարյանը: Պարզվել է, որ վերջինս ռեստորանի մենեջերի հետ հանցավոր համաձայնության են եկել ձուկ սպասարկել ռեստորանին՝ ապօրինի որս կատարելով:
Նշենք, որ այս ռեստորանը գտնվում է Արփա գետի մերձակայքում: Կամո Գասպարյանը էլեկտրահարման եղանակով ձուկ է որսացել ռեստորանի համար, ինչի պատճառով էլ հայտնվել է իրավապահների ձեռքում: Նշենք, որ Գասպարյանը 39 տարեկան է: Նրանք ազատ են արձակվել ստորագրությամբ չհեռանալու պայմանով:
Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ այս նույն տարածքում դժբախտ դեպք տեղի ունեցավ էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու ժամանակ: Վայք քաղաքում հոսանքահարությունից մահացավ 41-ամյա Հովհաննես Հակոբյանը: Ըստ ոստիկանության, Հակոբյանը «Թագուհին ձորի» ռեստորանային համալիրից մոտ 200 մ հեռավորության վրա` Արփա գետում գեներատորով ձուկ որսալու ժամանակ էլեկտրահարվել է եւ տեղում մահացել:


























