Հայաստանում ինքնասպանության հիմնական պատճառը սոցիալ-տնտեսականն է: Նման կարծիք մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել  է Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի  ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանը:

Նա բերել է վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն` վերջին տարիներին ինքնասպանությունների  50%-ը գործել են 30-65 տարեկան տղամարդիկ: Ընդ որում` վերջին տարիներին ինքնասպանությունների թիվն աճում է: 

Ըստ տվյալների` Հայաստանում 2009 թվականին ինքնասպանությունների թիվը կազմել է 498, 2010-ին`  592 , 2011– ին` 647: Քաղաքացիների սոցիալական վիճակը եւս մնում է կայուն` 56-57%-ը գործազուրկ են,  17-19%-ը` թոշակառու: 

Ինքնասպանությունների դեպքերը հիմնականում տեղի են ունենում քաղաքներում, մասնավորապես` Երեւանում եւ Գյումրիում: Պատճառն առաջին հերթին մարդկային շփման անբավարարությունն է: