Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան ստացած «Գեոթիմ» ընկերությանն առաջարկվել է իրականացնել հանքավայրի ընդլայնման նախագծի միջազգային բնապահպանական փորձաքննություն: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ բնապահպանության նախարարության հաղորդագրությունից:  Նշենք, որ այսօր` հուլիսի 30-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի են ունեցել լսումներ`  ՀՀ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի սահմանագլխին գտնվող Ամուլսարի ոսկու բացահանքի ընդլայնման նախագծի վերաբերյալ: Մասնագիտական եզրակացությունը ներկայացրել է «Էկո Աուդիտ» ՍՊԸ-ն:

Միջազգային փորձաքննություն անցկացնելու մասին որոշում ընդունվել է` հաշվի առնելով Սեւանա լճի, Ջերմուկ առողջարանային քաղաքի, ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների եւ բույսերի պահպանության հարցերը:

Նշվել է, որ հանքային իրավունքով ծանրաբեռնված տարածքում ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի եւ կենդանիների առկայության կամ հայտնաբերման դեպքում «Գեոթիմը» պետք է առաջնորդվի «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26 հոդվածով:

Իսկ ոսկու կորզման գործարանի տեղադրման հարցում պետք է առաջնորդվել «Սեւանա լճի մասին»ՀՀ օրենքով ամրագրված պահանջներով: