Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը 2012 թ. առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի բուհերից խոշորագույն հարկատուն է: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակման`Բժշկական համալսարանը վճարել է մոտ 400 մլն դրամի հարկ եւ հարկատուների ընդհանուր ցուցակում զբաղեցնում է 109-րդ տեղը:

Նշենք, որ նախորդ տարիներին սովորաբար խոշորագույն հարկատու բուհը Երեւանի պետական համալսարանն էր, սակայն 2012 թ. Բժշկական համալսարանը մոտ 60%-ով ավելացրել է հարկերի վճարումը: Երեւանի պետական համալսարանն, ընդհակառակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 100 մլն դրամով ավելի քիչ հարկ է վճարել:

Նշենք, որ 1000 խոշոր հարկատուների ցանկում 10 բուհ կա, որոնք միասին 2012 թ. վճարել են մոտ 1.5 մլրդ դրամ հարկեր:

Խոշոր հարկատուներ են, մասնավորապես, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը (153 մլն դրամ եւ 272-րդ տեղ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (148 մլն դրամ եւ 287-րդ տեղ), Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (111 մլն դրամ եւ 376-րդ տեղ), Հայաստանի Ամերիկյան համալսարանը (103 մլն դրամ եւ 407-րդ տեղ) եւ այլն: