Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին մեկ-մեկուկես տարվա ելույթները ՀԱԿ-ի դիրքերի ակնհայտ մեղմացում եւ սկզբնական արմատական ընդդիմադիր տրամադրություններից հեռացում են ցույց տալիս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով` ՀԱԿ-ում այսօր լուրջ տարաձայնություններ կան այդ կառույցի քաղաքական կուրսի հետ կապված, սակայն ընդհանուր առմամբ դիրքոշումը թելադրվում է Լ. Տեր-Պետրոսյանի կողմից, ով ակնհայտորեն մեղմել է իր մոտեցումները:
«Դրանով է բացատրվում նաեւ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հնարավոր համագործակցությունը, որը ՀԱԿ-ում գտնվող մի շարք գործիչների դժգոհությունն է առաջացնում: Մարդիկ, ովքեր հանրահավաքների ժամանակ հանդես էին գալիս հօգուտ ավելի կոշտ մոտեցման, դժգոհ են Լ. Տեր-Պետրոսյանի դիրքորոշումից, որն այսօր իր մեղմությամբ համեմատելի է ԲՀԿ-ի դիրքորշման հետ»,-նկատեց Ս. Սաֆարյանը:
Պատասխանելով ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հնարավոր համագործակցության մասին հարցին, զրուցակիցը նշեց, որ դա մեծ մասամբ կախված է հենց ՀԱԿ-ից: «Եթե ՀԱԿ-ում վերադարձ լինի ավելի ամուր ընդդիմադիր հիմքերի, ապա հնարավոր է: Եթե ոչ` հազիվ թե»,-նկատեց նա:
Սաֆարյանն ակնհայտ համարեց, որ ՀԱԿ-ն այսօր կորցրել է քաղաքական կշիռը եւ շարունակում է կորցնել: «Որքան շատ շարունակվի այս գործընթացը, այնքան մեծ է հավանականությունը, որ ՀԱԿ-ը քաղաքական ուժից վերածվում է ինչ-որ խմբավորման: Անգամ նրա կազմում գտնվողներն են ուղիղ խոսում այն մասին, որ եթե աշնանը ՀԱԿ-ը չվերանայի իր քաղաքականությունը, ապա կդադարի էական գործոնի դեր խաղալ Հայաստանի քաղաքական ասպարեզում: Թեեւ ՀԱԿ-ի փաստացի փլուզում առայժմ չեմ ենթադրում»,-ասաց Ս. Սաֆարյանը:




























