Հայաստանի սահմանադրությունն ապահովում է դավանանքի ազատությունը,  եւ երկրի կառավարությունը գործնականում հարգում է կրոնի ազատությունը,  ասվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից այսօր հրապարակված Կրոնի ազատության միջազգային զեկույցում:

Որոշ օրենսդրական ակտեր սահմանափակում են որոշակի խմբերի համար դավանանքի ազատությունը, սակայն Հայաստանի կառավարությունն ընդհանուր առմամբ օրենսդրական սահմանափակումներ չի կիրառում:  Միաժամանակ զեկույցում նշվում է, որ Հայաստանում «կառավարությունը միտում չի դրսեւորել կրոնական ազատության ոլորտում իրավիճակի բարելավման կամ վատթարացման ուղղությամբ»:

Իրավիճակն այս ոլորտում վատ է Ադրբեջանում, որտեղ, ըստ Պետքարտուղարության, «իշխանությունները բռնագրավում են կրոնական նյութերը եւ մահմեդական եւ քրիստոնեական խմբերի որոշ անդամների խոշտանգումների են ենթարկում»: Զեկույցի եզրահանգման մեջ նշվում է, որ Ադրբեջանում գրանցվել են բռնության եւ խտրականության դեպքեր` կրոնի եւ դավանանքի հիմքով: