«Հրապարակն» իր խմբագրականում գրում է. «Ասում են՝ այս տարի հայերը հիմնականում հանգստանում են Իսպանիայում: Միջինից մի քիչ բարձր վաստակ ունեցող հայկական ընտանիքն ավելի շուտ կարող է հանգստանալ իսպանական ծովափին, քան հայաստանյան Սեւանի ափին: Գները մեզ մոտ շատ բարձր են, եւ հանգիստն էլ լիարժեք չէ. ոչ կարգին լողափ ունենք, ոչ բարձր սպասարկում, ոչ էլ զվարճությունների բազմազանություն:

Եվ չնայած ավիատոմսերի բարձր արժեքին, Իսպանիայում հանգստանալն ավելի էժան է, քան, ասենք, Ծաղկաձորում կամ Ջերմուկում: Եթե փորձենք հասկանալ, թե սա ինչից է, ապա պարզ կդառնա, որ նախ նրանից, որ հայ բիզնեսմենները ձգտում են արագ հարստանալ եւ իրենց ներդրումն արագ ետ բերել: Նրանք երկար սպասելու, հեռահար ծրագրեր կազմելու ոչ ցանկություն ունեն, ոչ էլ հավես: Նրանց հիմա է պետք. ինչքան հնարավոր է՝ շատ ու շուտ:

Մյուս պատճառն այն է, որ այդ հանգստավայրերն այնքան քիչ են, որ միշտ իրենց սպառողն ունեն՝ անգամ շատ բարձր գների պայմաններում: Ամռան ամիսներին ոչ Ծաղկաձորում, ոչ Ջերմուկում, ոչ էլ Հանքավանում ազատ տեղեր չկան: Այնպես որ, նման գների պայմաններում, անգամ մի քանի ամիս ծանրաբեռնված աշխատելու պարագայում, նրանք իրենց եկամուտն ունեն, եւ դա այնքան էլ քիչ չէ:

Այ, եթե հնարավոր լիներ, եւ միջին կարողության տեր մարդիկ կարողանային մտնել այդ ոլորտն ու հանգստյան տներ կառուցել, մրցակցությունը կմեծանար, եւ գներն էլ կիջնեին: Բայց քանի որ մեզանում «գործ դնել» քչերն են ի վիճակի՝ ոչ միայն այն պատճառով, որ ազատ միջոցներ չունեն, այլեւ նրանց թույլ չեն տալիս, ուստի այս ոլորտում եւս մենաշնորհային վիճակ է եւ հանգստավայրերի դեֆիցիտ:

Վերջապես, գնային քաղաքականությունը կարգավորելու հազար ու մի ձեւ կա աշխարհում, իսկ մեր պետությունը նախընտրում է պասիվ դիտորդի կարգավիճակը»: