Հայաստանում գործում է 12 քրեակատարողական հիմնարկ։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալները հավաստիացնում են, որ իրենք ապահովված են պատշաճ կենսական պայմաններով, իսկ հիմնարկի ղեկավար Արտյոմ Մխոյանը նշում է, որ օրվա կարգացուցակով հստակ սահմանված է դատապարտյալների զբաղմունքը։ Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը:
«Քրեակատարողական հիմնարկն ունի գործող գրադարան` շուրջ 800 գրքով։ Դատապարտյալները, որպես կանոն, գրադարանից օգտվում են ցուրտ եղանակներին։ Այստեղ կա մարզագույքով հագեցած սպորտային դահլիճ, որտեղ մարզվում եւ ժամանակն անցկացնում են անազատության մեջ գտնվող անձինք։
Օրերս «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացեց համակարգչային լսարան, ինչը հնարավորություն կտա ժամանակավորապես անազատության մեջ գտնվող անձանց ծանոթանալու համակարգչային տեխնիկային, կատարելագործելու գիտելիքներն ու ապահովելու շարունակական կրթությունը։ Դատապարտյալներից շատերը համակարգչին չեն տիրապետում եւ հույս ունեն, որ կազմակերպվելիք դասընթացները կօգնեն ծանոթանալու համակարգչային տեխնիկային ու ծրագրերին, ինչը նրանց հետագայում պետք կգա քաղաքացիական կյանքում»,- գրում է «Իրատես de facto»-ն:



























