Հայաստանում ցորենի արտերի 8-10%-ը բերքահավաքի համար պիտանի չեն: Այդ մասին այսօր` հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը: Պատճառներից մեկը, նրա խոսքով, Ռուսաստանից ներկրված էլիտար ցորենի սերմացուն է:

Ըստ Հ. Բերբերյանի` ցորենը բազմաթիվ վայրերում գաճաճ է մնացել, կոմբայններն ի վիճակի չեն այն հավաքել: Ցողունի բարձրությունը 17-20 սմ է, այնինչ գաճաճ ցորենն ունի առնվազն 40-45 սմ:

Հ. Բերբերյանի կարծիքով` Ռուսաստանից բերված սերմացուն պատշաճ փորձաքննություն չի անցել, ինչը պահանջվում է «Սերմերի մասին» օրենքով: Այսպես` փորձաքննություն չեն անցել «Տանյա», «Բատկո», «Նոտա» եւ այլ սերմեր: Այնինչ նույնիսկ Ռուսաստանում դրանք գրանցված են միայն Հյուսիսային Կովկասում, այլ տարածաշրջաններում չեն կիրառվում;

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2009-10 թ.թ. Ռուսաստանից ներկրել է մոտ 2000 տոննա էլիտար սերմացու, որը բաշխվել է գյուղացիական տնտեսություններին` 1/3 հարաբերակցությամբ վերադարձնելու պայմանով; Առաջին բերքը համարյա ամենուրեք բարձր է եղել, սակայն վերաբաշխվող ցորենի հետ կապված խնդիրներ են առաջացել:

«Տեղի է ունեցել մասնագիտական սխալ, բնագավառը պետք է մասնագետներ ղեկավարեն, ոչ թե պատահական մարդիկ»,- ասաց Հ. Բերբերյանը: Նա հերքեց գյուղնախարարի այն արդարացումը, որ ցորենի անհաջող բերքի պատճառը գյուղացիների կողմից ագրոտեխնիկական պայմանների խախտումն է: