Վերջին օրերի ընթացքում Սիրիայում շատ ընկճված են: Ավելին` կարծում են, որ իշխանությունները արդեն իրավիճակին չեն տիրապետում եւ մարդիկ մտածում են, որ ինքնապաշտպանական ջոկատներ է պետք ստեղծել: Այս մասին այսօր` հուլիսի 31-ին հրավիրված ասուլիսում ասաց արաբագետ Սուրեն Մանուկյանը խոսելով «Սիրիական հարցի եւ սիրիահայության կացության» թեմայով:
Նա նշեց, որ հեռախոսային կապ է պահում այնտեղ բնակվող ծանոթների հետ: Մանուկյանը նաեւ փոխանցեց, որ բանդաներ կան, որոնք հարձակումներ են գործում, իսկ այն ընտանիքները ովոքեր որոշակի կապիտալ ունեն հնարավոր է հարձակման թիրախ դառնա: Ստեղծված իրավիճակում, ըստ նրա հայկական իշխանությունները պետք է անդրադառնան այս թեմային, պատվիրակություններ ուղարկեն:
«Շատ կարեւոր է, որ այնտեղի հայկական համայնքը զգար, որ հայկական իշխանությունը իրենց թիկունքում է: Հայկական դեսպանատունը այնտեղի հազվադեպ դեսպանատներից է, որ շարունակում են աշխատել, ինչը շատ կարեւոր է: Սփյուռքի նախարարությունը եւս աշխատում է, ինչը եւս լավ է»,- նշեց բանախոսը: Արաբագետը կարծում է նաեւ, որ առավելագույնը երկուհազար ընտանիք կգան Հայաստան, քանի որ այնտեղի հայությունը այնտեղ ունի կապիտալ, ինչը դժվար է թողնել: Ըստ նրա` սիրիահայությունը ավելի շուտ Հայաստանը կդիտի որպես տրանզիտային երկիր:




























