Ավստրալիայում թմրանյութերի խոշոր խմբաքանակ է առգրավվել, որոնց արժեքը «սեւ շուկայում» կարող է կազմել կես միլիարդ դոլար: Հերոինի եւ մեթամֆետամինի 558 կգ-անոց բեռը հանցագործները փորձել են տեղափոխել ծաղկի կավե ամաններով:
Տվյալ գործով հատուկ գործողությունների ընթացքում ոստիկանները հսկողության տակ են վերցրել թմրանյութերի առեւտրով զբաղվող կասկածյալներին, որոնցից երեքը Ավստրալիայի քաղաքացիներ են, չորսը` Հոնկոնգի բնակիչ:
Ավստրալական օրենքներով` բոլոր նրանց ցմահ բանտարկություն է սպառնում: Տեղի մամուլն արձանագրել է, որ Կանաչ մայրցամաքում սա թմրանյութերի երբեւէ հանդիպած խոշորագույն խմբաքանակն է:
Dni.ru-ի փոխանցմամբ,ավստրալական իշխանությունները առաջին անգամ չէ, որ բախվում են թմրանյութերի առեւտրով զբաղվողների հնարամտությանը: Նախորդ տարվա հոկտեմբերին էլ կոլումբիական կոկաինը Մեքսիկայից Ավստրալիա տեղափոխելիս օգտագործել էին գարեջրի շշերը` գարեջրի փոխարեն լուծված կոկաին լցնելով: Սակայն հենց գարեջրի համար անսովոր գույնն էլ բռնվելու պատճառ էր դարձել:


























