Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը ցանկացած միջոց կձեռնարկի, եթե հարեւան Սիրիայից  ահաբեկչության սպառնալիք լինի:

Լրագրողների հետ զրույցում Դավութօղլուն հստակեցրել է, որ Անկարան սպառնալիք է համարում անջատական Քրդստանի բանվորական կուսակցությանը եւ դրա սիրիական թեւը, ահաբեկչական միջազգային  «Ալ Կաիդա» ցանցը եւ բռնության դիմող այլ կազմակերպություններ: Քաոսի դեպքում Սիրիայի միասնականությունը սպառնալիքի տակ կդրվի, նշել է նախարարը:

Թուրքիայի արտգործնախարարի խոսքով` Անկարայում «ի սկզբանե կանխատեսել են, որ Սիրիայում շատ ավելի բարդ կլինի, քան Լիբիայում եւ Եգիպտոսում»:

«Երեք տարբերակ ունենք: Առաջին` լինել Ասադի վարչակարգի կողմնակից: Սակայն այդ դեպքում ինչ կկատարվի մեր հեղինակության հետ: Երկրորդը չմիջամտելու քաղաքականությունն է, ինչպես  Իրաքի դեպքում էր: Երրորդը Սիրիայի նկատմամբ թուրքական կառավարության ներկայումս վարած քաղաքականությունն է»,- նախարարի խոսքերը մեջբերում է  «ՌԻԱ Նովոստին»:

Բուֆերային գոտի ստեղծելու առնչությամբ Դավութօղլուն նշել է, որ դա կկատարվի, եթե Սիրիայից փախստականների թիվը մոտենա 100 հազարի: Ընդ որում, այն կստեղծվի Սիրիայում, ոչ թե Թուրքիայում:

Ըստ նախարարի` սիրիական ճգնաժամը լուրջ քննություն էր ՄԱԿ-ի համար, սակայն այն դանդաղում է:

«Եթե ՄԱԿ-ը հստակ դիրքորոշում ցուցաբերեր, Ասադն այդ հանցագործությունները չէր կատարի», - մեջբերում է NTV-ին: